Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայի սահմանից զորքերը հեռացնելու որոշումը
Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերը հեռացնելու որոշումը կայացվել է այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, որպեսզի սադրանքներ չլինեն. ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր զորքերը հետ քաշել Ուկրաինայի սահմաններից:
«Մենք զորքերը պահում ենք այնտեղ, որտեղ ցանկանում ենք»,- ընդգծել է Պուտինը՝ նկատելով, որ զորքերը դուրս բերելու որոշումը կայացվել է «ընտրությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով»։
Նա հավելել է, որ «լավ եղանակային պայմանների պարագայում նրանք (արևմտյան գործընկերները) դա կտեսնեն տիեզերքից»:
«Կարևոր են ոչ թե ընտրությունները, այլ շրջանների հետ հարաբերությունների կարգավորումը, որպեսզի մարդիկ իրենց լիարժեք քաղաքացիներ զգան»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն արել է ամեն ինչ՝ ուղիղ շփում սկսելու համար:










