Տաջիկստանի հարավում զանգվածային անկարգություններ են սկսվել (տեսանյութ)

18:00 • 21.05.14

Տաջիկստանի հարավում՝ շրջկենտրոն Խորոգում, զանգվածային անկարգություններ են սկսվել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Ֆերգանա»-ին:

 

Գործակալության տեղեկություններով՝ անկարգությունները սադրել են հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները, որոնք քաղաքի կենտրոնում սպանել են մի քանի մարդու: «Ռադիո Օզոդի»-ի հաղորդմամբ՝ այնտեղ անցկացվել է ինչ-որ հանցավոր խմբավորման դեմ գործողություն:

 

«Ազիա-Պլյուսն» իր հերթին տեղեկություն է տարածել, թե անկարգությունների առիթ է դարձել նախկին հրամանատար Մահմադբոկիր Մահմադբոկիրովի եղբոր ձերբակալությունը: Տեղի բնակիչների մի խումբ դուրս է եկել նրան պաշտպանելու, ինչից հետո իրավապահները հրազեն են կիրառել: Արդյունքում՝ ծանր վիրավորվել է երեք մարդ, նրանցից երկուսը մահացել է հիվանդանոցում:

 

Հաղորդվում է, որ քաղաքում սկսել են այրել ուժային կառույցների շենքերը: Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ քաղաքում վառվում են ներքին գործերի քաղաքային վարչության և դատախազության շենքերը, շենքերի մոտ հավաքվել է մոտ 500-700 մարդ։

 

Central Asian News-ի հաղորդմամբ՝ իշխանություններն «իրավիճակը վերահսկելու համար» օդ են բարձրացրել երկու ինքնաթիռ և խնդրել են տեղի բնակիչներին դուրս չգալ տներից: