Ձեզ մոտ ավելի լավ պոմիդոր աճեցնելն է ստացվում. Ն. Փաշինյանի ելույթն իրարանցում առաջացրեց ԱԺ-ում

16:31 • 21.05.14

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իրարանցում առաջացրեց ԱԺ-ում։ Ելույթի կեսից տեղից արձագանքեց Առաքել Մովսիսյանը, ում խոսքերը չէին լսվում։ ՀԱԿ պատգամավորը պահանջեց լռեցնել նրան։ «Մի հատ կարգի հրավիրեք հա՞, այստեղ բազար չի արա»: Հետո պատգամավորն անդրադարձավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ով տեղից բոլորի ելույթներին արձագանքում էր, իսկ Նիկոլ Փաշինյանի հարցը մինչ այդ որակել էր չարաճճիություն։

«Գալուստ Սահակյանն ասաց չարաճճիություն բառը, եթե դուք ԱԺ-ի նախագահությունում թոթովախոս եք, բառերը դժվարությամբ եք գտնում ու կապում իրար, սա չի նշանակում, որ ԱԺ-ն պետք է շփոթեք մանկապարտեզի հետ, եթե դուք կշարունակեք ձեզ այդպես պահել, մենք էլ կպահենք համարժեք»,-ասաց նա։ ԱԺ նախագահը հակադարձեց. «Այդպես էլ արջը երկրորդ երգը չսովորեց»։

Իսկ մինչ այդ նա ելույթի ժամանակ նշեց, թե Նախագահ Սերժ Սարգսյանը գործարարների հետ հանդիպմանը երկու տարի առաջ հայտարարել էր, թե նոր դարաշրջան է մեկնարկում։ «Մենք կանգնած ենք նոր սկզբի առջև, գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»,-հիշեցրեց նա և նշեց, որ այս հայտարարությունից հետո ձևավորում է կառավարություն, որի «անդամներից հինգը կարող են հավակնել 20 ամենահարուստ մարդկանց ցուցակում տեղ զբաղեցնելու համար»։ «Իսկ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանն ընդհանրապես եռյակի հավակնորդներ են»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե կոնկրետ Հովիկ Աբրահամյանը անկախության տարիներին գրեթե անդադար պետական պաշտոններ է զբաղեցրել և այդ տարին դարձել է ամենահարուստ սեփականատերերից մեկը։ «Հազարով հեկտար հողեր, գազալցակայաններ, բենզալցակայաններ, գործարաններ, հանգստյան տներ, առանձնատներ, իսկ ընդհանրապես Երևանի փոքր կենտրոնում, որ շենքի տակ կանգնում ես՝ ասում են Հովիկ Աբրահամյանը երկու հարկ ունի»,-ասաց նա և անցավ Դավիթ Հարությունյանին, թե նա էլ այնքան անշարժ գույք է հայտարարագրել, որ տպավորություն է, որ նա «անշարժ գույքի գործակալ է»։

«Գագիկ Խաչատրյանն ընդհանրապես դժվար է ասել՝ ինչով է զբաղված, ինչի մասին խոսում ես, ասում են Գագիկ Խաչատրյանինն է՝ «Յուքոմ», «Մեգաֆուդ», «Մեգաավտո»։ Էս ինչո՞վ եք զբաղված։ Առավոտից իրիկուն խոսում են կոռուպցիայի մասին, Ձեզ թվում ա՝ կոռուպցիան տենց պոզով պոչո՞վ ա, էս ա կոռուպցիան»,-նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ երբ այս կառավարության ծրագիրը կարդում ես, տպավորություն է, որ իրենց բիզնես ծրագրերն են հաստատում։ Որպես օրինակ նա նշեց Արարատյան դաշտում ձկնաբուծությունը։ «Կառավարությունը գրել է, որ ձկի արտադրությունը պետք է ավելացնի, այս պատմությունը կօգտագործեն, մի երկու մանր-մունր ձկնաբույծներ կան, նրանց էլ կհեռացնեն ու ամբողջը կդարձնեն երեք ընտանիքների սեփականությունը՝ ՀՀԿ, ԲՀԿ խմբակցությունից, ու դրանով ամեն պատմություն կավարտվի: Հովիկ Աբրահամյանին ասում ենք՝ ո՞նց եք այդ միլիոններն աշխատել, ասում է՝ հող եմ մշակել։ Պարոն Աբրահամյան համ հող եք մշակել, համ բարձրաստիճան պաշտոնյա եք եղել, եկեք արձանագրենք, որ որպես պաշտոնյա՝ ի՞նչ արդյունք ունենք՝ կրախի առաջ կանգնած երկիր, աղքատություն և ունեք իր դեմս Ձեզ՝ շատ մեծ շահույթներ գյուղատնտեսությունից: Եթե այս փաստերը համադրում ենք, ստացվում է, որ Ձեզ մոտ ավելի լավ պամիդոր աճեցնելն է ստացվում, միգուցե դրանով զբաղվեք, հա՞»,-առաջարկեց նա։