Անհաժեշտ միջոցները ձեռնարկվում են գերիների առկայությունը բացառելու համար, բայց ոչ բոլորն են ընկալունակ. Դավիթ Ափինյան

23:35 • 22.05.14

Ըստ «Արևելք» ռազմավարական կենտրոնի փորձագետ Դավիթ Ափինյանի՝ այսօր սահմանամերձ տարածքներում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի զինվորականներն ու քաղաքացիական անձինք տեղանքում ճիշտ կողմնորոշվեն ու պատահական չհայտնվեն հակառակորդի տարածքում: Tert.am-ի հետ զրույցում փորձագետը նշեց, որ վերջին շրջանում գերի են ընկնում սահմանամերձ տարածքների բնակիչները, որոնք կա´մ մոլորվում են, կա´մ գնում իրենց անասունի ետևից և հայտնվում Ադրբեջանում:


«Իհա´րկե, երբ զինվորականն է գերի ընկնում, մի փոքր այլ բնույթ է ստանում, բայց զինվորականների կողմից բնակչությունը պարբերաբար ուղղորդվում է և տեղյակ է, թե որ ճանապարհը որ ուղղությամբ է տանում, որն է վտանգավոր, որը՝ անվտանգ: Ուղղորդող նշաններ կան անհրաժեշտ չափով, բայց պրակտիկ իրականության մեջ պարզվում է՝ ոչ բոլորն են ընկալունակ լինում դա լսել ու համապատասխան վարքականոն ցուցաբերել»,-ասաց նա:


Դավիթ Ափինյանն ընդգծեց, որ զինվորականը չի կարող իր դիրքերը թողնել ու մարդկանց ետևից պտտվել, որ սահմանը չանցեն:


«Եկեք հաշվի առնենք, որ տարին ընդամենը՝ մեկ-երկու դեպք է լինում, իսկ լինում է տարի, որ ընդհանրապես չի լինում, և դա հենց այդ աշխատանքների արդյունքն է»,-ասաց նա:

 

Դիտարկմանը, թե հիմնականում սահմամերձ Տավուշի մարզի բնակիչներից են առավել հաճախ գերեվարվում, պատասխանեց.


«Նախ՝ նշեմ, որ Տավուշի մարզի արևելյան մասը սահմանակից է մեր գլխավոր հակառակորդ Ադրբեջանի Հանրապետությանը և բովանդակային առումով վերածվել է ճակատի պաշտպանական գծի: Մարզն առանձնանում է իր խրթին լեռնային լանդշաֆտով, ինչն առաջացնում է բազմաբովանդակ դժվարություններ: Դրանց հաղթահարման ամենաարդյունավետ միջոցառումներից է՝ հստակորեն հետևել տվյալ վայրում ծառայություն իրականացնող և համապատասխան գործառույթներ ունեցող զինվորականների ցուցումներին»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը հատել էր Հայաստանի պետական սահմանն ու անցել Ադրբեջանի տարածք: Մարտի 4-ին նրան վերադարձրել են հայրենիք՝ բազմաթիվ կոտրվածնքերով, սալջարդերով և խոշտանգումների այլ հետքերով: Ադրբեջանցիները հոգեկան հիվանդ ծերունուն «դիվերսանտ» էին որակել: Վերջինս մահացել է օրեր առաջ: Այնուհետև նույն գյուղի մեկ այլ բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանը գերի էր ընկել մարտի 7-ին և հայրենիք վերադարձվել ապրիլի 10-ին: