Եկատերինբուրգում ձերբակալել են Behemoth լեհական խմբին
Black Metal ոճով նվագող Behemoth լեհական խմբի չորս երաժիշտներին ձերբակալել են Ռուսաստանում համերգային շրջագայությունների ժամանակ: Եկատերինբուրգում համերգը սկսվելուց քիչ առաջ «Տելեկլուբ» հաստատության մուտքի մոտ սպորտային հագուստով երիտասարդները նրանց նստեցրել են միկրոավտոբուս և տարել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Znak-com-ին: Արդյունքում՝ ելույթը տեղի չի ունեցել:
Պարզվել է, որ երաժիշտները խնդիր ունեն Դաշնային միգրացիոն ծառայության հետ: Նրանց ձերբակալել է միգրացիոն ծառայությունը՝ «սխալ վիզաների» առիթով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Behemoth-ի վոկալիստ Ադամ Nergal Դարսկին: Նրա խոսքերով՝ այժմ խումբը ցանկանում է միայն վերադառնալ հյուրանոց, իսկ այնուհետև միանգամից վերադառնալ տուն՝ Լեհաստան:
Ավելի վաղ խմբի ելույթները տապալվել էին Պրիմորսկի երկրամասում, ինչպես նաև Նովոսիբիրսկում ուղղափառ ակտիվիստների գործողությունների պատճառով: Պրիմորյեում համերգները չեղյալ են հայտարարվել տեղի վարչության նախաձեռնությամբ, իսկ Նովոսիբիրսկում խմբի երկրպագուներին ծեծի են ենթարկել ակումբի մուտքի մոտ:










