Չեռնոգորիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

09:54 • 22.05.14

Չեռնոգորիան միացել է Ռուսաստանի նկատմամբ Եվրոպական միության սահմանած պատժամիջոցներին՝ Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված, հայտարարել է երկրի նախագահ Ֆիլիպ Վույանովիչը, հայտնում է Взгляд-ը։

 

Երեկ նա ընդունել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերին, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, որոնցից մեկն առնչվել է Ռուսաստանի հանդեպ սահմանափակումներ կիրառելուն։

 

Վույանովիչի խոսքով՝ Չեռնոգորիան համաձայնել է ԵՄ-ի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ որոշման հետ, քանի որ մտածում է, որ որպես թեկնածու-երկիր պետք է կիսի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի արտաքին քաղաքականությունը։

 

«Եթե մենք դա չանենք, եթե մենք անտարբեր լինենք այդ որոշման հանդեպ, ապա անկասկած մեր ճանապարհը դեպի ԵՄ կդանդաղի և կբացառվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը»,-ասել է նա։

 

Նախագահը նշել է, որ Ռուսաստանը հսկա պետություն է, և Չեռնոգորիան չի կարող ազդել համաշխարհային գործընթացների վրա։

 

«Ռուսաստանը պետք է հասկանա, որ Չեռնոգորիան հետևում է իր շահերին և ցանկանում է դառնալ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մաս՝ որևէ կերպ չունենալով հակառուսական տրամադրություններ»,-հայտարարել է Վույանովիչը։