Վրաստանը ԵՄ-ից ևս 19 մլն եվրո կստանա

11:59 • 22.05.14

Վրաստանը Եվրամիությունից որպես օգնություն ևս 19 միլիոն եվրո կստանա։ Ինչպես հայտնում են Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից, Բազմակողմանի ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի շրջանակներում ֆինանսական օգնության մասին համաձայնագիրը նախօրեին Բրյուսելում ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, գրում է Грузия Online-ը:

 

ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության առաջնահերթություններին աջակցելու նպատակով Եվրամիությունը Բազմակողմանի ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի (CIB) տեսքով օգնության գործիք է առաջարկել, որը ենթադրում է գործընկեր երկրների ինստիտուցիոնալ հնարավորությունների ուժեղացմանը սատարում և Ասոցացման մասին համաձայնագրի հետ կապված միջոցառումներին աջակցում: Այդ գործիքը ենթադրում է նաև այն ինստիտուտների գործունեությանն աջակցություն, որոնք կապված են վիզային ռեժիմի մասին համաձայնագրի և միգրացիայի հարցերի հետ:

 

«CIB-ի շրջանակներում 2011-2013 թվականներին Վրաստանի համար նախատեսված բյուջեն 30,86 միլիոն եվրո էր: Օգնության հաջորդ փուլը (2014-2020 թվականներ) կոնկրետ կապված է DCFTA-ի՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի իրականացման հետ»,- նշված է Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ։