Ուկրաինայի մասին Գերմանիայի արտգործնախարարի վրդովված ելույթն ինտերնետային հիթ է դարձել (տեսանյութ)

10:11 • 22.05.14

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի զայրացած ելույթի տեսանյութը YouTube տեսահոսթինգում հիթ է դարձել։ Գերմանացի նախարարի հուզական ելույթը մի քանի օրում հավաքել է միլիոնից ավելի դիտում, գրում է korrespondent.net-ը:

 

Դիվանագետին զայրացրել են Ուկրաինայի վերաբերյալ արևմտյան երկրների քաղաքականության հակառակորդները, որոնք հանրահավաք են անցկացրել։ Հավաքվածները ձեռքերում պահել են «Կանգնեցրե՛ք Ուկրաինայում ազգայնականներին», «Կանգնեցրե՛ք ԶԼՄ-ներում Ռուսաստանի դեմ արշավը», «Երկխոսություն տանկերի փոխարեն» գրություններով պաստառներ։

 

Գերմանիայի արտգործնախարարը վրդովված հայտարարել է, որ «աշխարհը չի բաժանվում մի կողմից բարի հրեշտակների, մյուս կողմից՝ չարագործների»:

 

«Աշխարհը, ցավոք, շատ ավելի բարդ է: Լավ է, որ կան մարդիկ, ովքեր նվիրել են իրենց այդ բարդ աշխարհին և ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ճանապարհ են փնտրում»,- ընդգծել է նա:

 

Շտայնմայերը նաև ենթադրություն է հայտնել, որ այդ բողոքները հաստատում են, որ կան մարդիկ, ովքեր «չեն հասկացել՝ ինչ է Եվրոպան»: