ՀՀ տեղական ինքնակառավարման ներկա համակարգի պայմաններում այլևս արդյունավետ զարգացում ապահովելն անհնար է. ՏԿՆ վարչության պետ

22:18 • 22.05.14

ՀՀ տարածքային ներկա բաժանման հիմքը դրվել է դեռևս 1996թ–ին՝ «ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի ընդունմամբ։ Tert.am-ի հետ զրույցում տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, որ մինչև վերջերս ոլորտի զարգացմանը միտված ցանկացած փոփոխություն իրականացվել է էվոլյուցիոն սկզբունքով, այսինքն՝ առանց համակարգային փոփոխությունների։


Ներկայում հանրապետությունում առկա 999 բնակավայրերի հիմքի վրա գործում է մոտ 915 համայնք։ Տարածքային նման բաժանումը հանգեցնում է մի շարք խնդիրների, հատկապես՝ փոքր համայնքները չեն կարողանում իրականացնել օրենքով վերապահված իրենց պարտադիր լիազորությունները, վարչական ծախսերը կազմում են համայնքային բյուջեների գերակշիռ մասը, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը շատ համայնքներում բավարար չէ, կան համայնքներ, որտեղ որոշ կարևոր ծառայություններ չեն մատուցվում, համայնքային աշխատակիցներից շատերի մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը բավարար չեն արդյունավետ տարածքային կառավարում տեղական ինքնակառավարում իրականացնելու համար։


Աշոտ Գիլոյանի խոսքով՝ ՀՀ տեղական ինքնակառավարման ներկա համակարգի պայմաններում այլևս արդյունավետ զարգացում ապահովելն անհնար է։


Վերը նշված խնդիրների լուծումը մասնագետները կապում են համայնքների խոշորացման գործընթացի հետ։ Խոշորացումը առաջին հերթին՝ հնարավորություն կտա ֆինանսական միջոցներ տնտեսել համայնքային աշխատակիցների աշխատավարձերի, ինչպես նաև՝ համայնքապետարանների պահպանման ու շահագործման ծախսերի կրճատման շնորհիվ՝ տնտեսված միջոցներն ուղելով կապիտալաստեղծ ծախսերին։ Երկրորդ՝ մասշտաբի էֆեկտի համաձայն՝ խոշորացված համայնքի բնակիչներին կմատուցվեն ավելի բարձրորակ և որոշ դեպքերում՝ ավելի մատչելի ծառայություններ: Հնարավոր տարբերակ է նաև ապակենտրոնացումը։


ՏԿՆ–ի կողմից մշակվել է համայնքային խոշորացման երկու մոդել՝ փնջային և շրջանային։ Շրջանային մոդելի համաձայն՝ համայնքները կխոշորացվեն նախկին Խորհրդային Հայաստանի տարածքային բաժանման քարտեզով՝ ստեղծելով շրջաններ։


Փնջային մոդելի համաձայն՝ համայնքները կխոշորացվեն որոշակի նպատակի՝ տնտեսական, սոցիալական ծրագրի իրականացման համար։ Եթե շրջանային մոդելի պարագայում երկրում համայնքների թիվը կտրուկ կկրճատվի՝ հասնելով 40-50–ի, ապա փնջային մոդելով առաջնորդվելու դեպքում նակին 915 համայնքի փոխարեն կձևավորվի մոտավորապես 250-300 համայնքի։ Աշոտ Գիլոյանի խոսքով՝ շրջանային մոդելով խոշորացումը ենթադրում է համայնքների ապակենտրոնացման, ինչպես նաև՝ ծախսերի կրճատման շատ ավելի բարձր աստիճան, քան փնջային մոդելի պարագայում՝ մոտավորապես 2։1 հարաբերակցությամբ ։


Փնջային մոդելի առավելութոյւնը շրջանային մոդելի նկատմամբ այն է, որ այն ավելի սահուն ընթացք է ենթադրում, իրականացվելու է աստիճանաբար, մինչդեռ շրջանային մոդելը ենթադրում է անցում շրջաններին «մեկ գիշերվա ընթացքում», ինչը շատ ավելի բարդ գործընթաց է, պահանջում է հսկայական ֆինանսական, նյութական միջոցներ և հնարավորություն չի տալիս փորձի կիրառման շնորհիվ ճշգրտել նախկինում թույլ տված սխալները։


Այսպիսով՝ անցումը խոշորացված համայնքներին կարվի աստիճանաբար։ Սկզբում մի քանի փնջերում կիրականացվի խոշորացման պիլոտային ծրագիր։ Արդեն ձևավորված են մի շարք փնջեր (Ծաղկաձորի, Դիլիջանի, Տաթևի, Ջերմուկի, Մեղրիի), որոնց բնակիչների շրջանում, ինչպես պարզաբանում է պարոն Գիլոյանը, նախնական պլանավորմամբ՝ 2016թ–ին առաջիակայում կիրականացվեն հանրաքվեներ։

 

«Թեև ՀՀ Սահմանադրությունը թույլ է տալիս իրականացնել համայնքների խոշորացում՝ առանց տեղի բնակչության համաձայնության, սակայն մենք մտադիր ենք իրականացնել խոշորացում միայն այն համայնքներում, որտեղ բնակչությունը դրական պատասխան է տվել հանրաքվեի ընթացքում» , – ասաց Աշոտ Գիլոյանը։

 

Բարեփոխման համար ժամանակ է հարկավոր մի քանի պատճառով. նախ՝ տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումները պահանջում են փոփոխություններ բազմաթիվ օրենքներում (Ընտրական օրենսգիրք, Տեղական ինքնակառավարման մասին օրենք, Ֆինանսական համահարթեցման մասին օրենք և այլն)։ Բացի այդ՝ խոշորացվող համայնքի բնակչության շրջանում անհրաժեշտ է իրականացնել բացատրական աշխատանք։


Աշոտ Գիլոյանի խոսքով՝ բնակչության իրազեկվածության աստիճանից ու նրանց վերաբերմունքից է կախված այս բարեփոխումների վերջնական արդյունքը։ Համայնքների խոշորացման վերաբերյալ բնակչության շրջանում կան կարծրատիպեր՝ մարդիկ անհնագստանում են, որ իրենք հնարավորություն չեն ունենա իրենց խնդիրները հասցնել ղեկավարությանը կամ կլինեն վերաբնակեցումներ։


Սակայն Աշոտ Գիլոյանի շեշտեց, որ երբ նույնիսկ շատ բացասաբար տրամադրված բնակիչներին բացատրվում է խոշորացման առավելությունները՝ ֆինանսական միջոցների կուտակում և արդյունավետ օգտագործում կոնկրետ նպատակների համար, մատուցվող ծառայությունների որակի բարելավում, նրանք այնքան են ոգևորվում, որ նույնիսկ՝ սկսում են շտապեցնել իրենց։


«2016թ.–ին շատ համայնքներում լրանում են տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնավարման ժամկետները, այնպես որ՝ համայնքապետերին հնարավորություն կտրվի մինչև ժամկետի ավարտը աշխատել իրենց պաշտոններում և դրանից հետո միայն ղեկավարի աթոռը զիջել խոշորացված համայնքի նորընտիր ղեկավարին»,– ասաց Աշոտ Գիլոյանը՝ ակնարկելով, որ համայնքների ներկայիս ղեկավարները ևս այս բարեփոխմանը խանդով մոտենալու պատճառ չունեն։