Ուկրաինական Մարիուպոլ քաղաքում 15 րոպեում 3 բանկ է թալանվել
Ինքնաձիգներով զինված հանցագործները Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում 15 րոպեների ընթացքում թալանել են երեք բանկ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով ուկրաինական TCH հեռուստաալիքին: Արդյունքում՝ նրանք գողացել են մոտ 50 հազար գրիվեն (մոտ 4 հազար դոլար):
Գողերը հինգն են եղել, երեք բանկն էլ թալանել են նույն ճանապարհով. ինքնաձիգներով սպառնալով՝ պահանջել են դրամարկղերից հանել փողը:
Չհաստատված տվյալներով՝ թալանված բանկերի թվում էին «Յուժկոմբանկ»-ի և «Նադրա»-ի մասնաճյուղերը: Քանի որ քաղաքում անկարգություններ են շարունակվում և փողոցներում գողերի թիվը շատացել է, բանկերը մասնաճյուղերում չեն պահում խոշոր գումարներ: Այդ պատճառով հանցագործների ավարը եղել է ոչ ավելի, քան 50 հազար գրիվեն:
«Նովոստի Մարիուպոլյա»-ն նշում է, որ քաղաքում բանկերի մեծ մասը փակ է:










