Նարգիլե ծխելը կարող է նույնքան վնասակար լինել, որքան ծխախոտ ծխելը. հետազոտություն

13:17 • 22.05.14

ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ նարգիլե ծխելն այնքան էլ անվտանգ չէ, ինչպես ընդունված է կարծել, տեղեկացնում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն: 

 

Ըստ այդմ՝ նարգիլե ծխելիս ծխողը կլանում է մի շարք վնասակար նյութեր՝ այդ կերպ ինքն իրեն ենթարկելով ածխածնի միաօքսիդի, նիկոտինի, նիտրոզամինների, ալդեհիդների, ինչպես նաև՝ պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների ազդեցությանը: Այս ամենն ուռուցքածին հետևանքներ կարող է ունենալ։

 

Այս հետազոտության ժամանակ գիտնականներն աշխատել են 18-48 տարեկան 55 կամավորների հետ: Նրանց բոլորին գիտափորձից մեկ շաբաթ առաջ խնդրել են զերծ մնալ ծխելուց: Նրանցից մեզի անալիզ են վերցրել ծխելուց առաջ և հետո: Ընդհանուր առմամբ գիտափորձի ժամանակ նրանք ծխել են 74 րոպե:

 

Արձանագրվել է, որ նարգիլե ծխելուց անմիջապես հետո մեզի մեջ նիկոտինի, կոտինինի և այլ նյութերի բարձր մակարդակ է գրանցվում: Նիկոտինի պարունակությունն աճել է 73 անգամ, ինչը կարելի է համեմատել մեկ ծխախոտ ծխելու հետ: Իսկ վտանգավոր նյութերի բարձր կուտակումը պահպանվել է նաև հաջորդ օրը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նարգիլե ծխելը կարող է նաև նիկոտինային կախվածություն առաջացնել:

 

Նարգիլե ծխելը կարող է նույնքան վնասակար լինել, որքան ծխախոտ ծխելը. հետազոտություն