Երևանում մեկնարկել է վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային համագումարը
Այսօր մեկնարկել է Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը, որի մասնակիցներին ողջունել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Ուրախալի է, որ համագումարի աշխատանքներին մասնակցում են Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, ինչպես նաև հետխորհրդային երկրների ճանաչված մասնագետներ»,- իր խոսքում ասել է Արմեն Մուրադյանը և փաստել, որ հայաստանյան մասնագետները ևս լուրջ հաջողություններ են գրանցել վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում:
«Դեռ 1976 թվականին ոսկրային մատրիցան առաջին անգամ օգտագործվել է հենց Վնասվածքաբանության և օրթեպեդիայի գիտական կենտրոնում: Այժմ այն լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ 1990-ականներից ի վեր ոլորտի հաջողություններին մեծապես նպաստել է Հայաստանի վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիան, որն այսօր արդեն Օրթոպեդների Եվրոպական ասոցիացիայի և միաժամանակ Եվրոպական ասոցիացիաների միավորման անդամ է:










