Մհեր Սեդրակյանը կրկին իր «բարձրության» վրա է.այս անգամ նա վիրավորանքներով ու հայհոյանքներով «ճանապարհեց» Tert.am-ի լրագրողներին

21:31 • 22.05.14

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը այսօր Կառավարության ծրագրի հաստատումից հետո կրկին իրեն հոգեհարազատ ամպլուայում էր. պատգամավորն իրեն հարց ուղղելու համար մոտեցած Tert.am–ի լրագրողներին որոշեց «ճանապարհել» վիրավորանքներով ու հայհոյանքով: Քանի որ սույն պատգամավորի լեզվական բառապաշարը ակնհայտորեն չի տեղավորվում բարոյական, էթիկական ու նույնիսկ՝ մարդկային և ոչ մի հարթությունում, առայժմ   ձեռնպահ ենք մնում Tert.am-ի լրագրողների հասցեին Մհեր Սեդրակյանի բերանին ու մտքին եկած բառերը վերարտադրելուց և ձայնագրությունը հրապարակելուց:


Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հայտնի մականունով պատգամավորը հրապարակավ վիրավորում է լրատվամիջոցի աշխատակցին՝ իրեն հարիր բառապաշարով:
 


Ա1+-ի լրագրողի հետ տեղի ունեցած սկանդալային միջադեպից օրեր անց սույն պատգամավորը հայտարարություն էր տարածել, որտեղ ափսոսանքի խոսքեր էր ասել նյարդային պահին հնչած խոսքերի համար:

 


Tert.am-ի խմբագրության տրամադրության տակ է միջադեպի ամբողջական ձայնագրությունը: Հուսով ենք, որ պատգամավորը, ով այսօր շատ սառը ջուր էր խմել, (ինչի մասին ասաց չստացված հարցազրույցի սկզբում) կվերագնահատի իր պահվածքը Ազգային ժողովում և ներողություն կխնդրի Tert.am-ի լրագրողներից:

 

Հակառակ պարագայում Tert.am-ի խմբագրությունը օրենքով վերապահված բոլոր միջոցներով հետամուտ կլինի իր աշխատակիցների արժանապատվության վերականգնմանը և միջադեպի քննությանը:


 

Մհեր Սեդրակյանը կրկին իր «բարձրության» վրա է.այս անգամ նա վիրավորանքներով ու հայհոյանքներով «ճանապարհեց» Tert.am-ի լրագրողներին