Ուկրաինայի հարավում և արևելքում բռնության զոհ է դարձել 127 մարդ. ՄԱԿ-ի զեկույց
Ուկրաինայի հարավում և արևելքում բռնության ալիքի հետևանքով զոհվել է 127 մարդ։ Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը, փոխանցում է Deutsche Welle-ն։
Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին նա նշել է նաև, որ Ուկրաինայում «պարբերաբար ձերբակալվում և առևանգվում են մարդիկ», և առաջին հերթին դա վերաբերում է լրագրողներին և ընտրական հանձնաժողովների անդամներին։ Շիմոնովիչի խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատճառով «երկրի արևելքում ընտրություններ անցկացնելը, իհարկե, շատ բարդ կլինի», փոխանցում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը։
Բացի այդ, ներկայացված զեկույցում նշվում է Ուկրաինայի արևելքում հանցավորության աճի և քաղաքացիների սոցիալական և տնտեսական իրավունքների խախտման մասին։ Շիմոնովիչն ընդգծել է, որ սոցապահովության համակարգի աշխատանքի խախտումը կարող է հանգեցնել փախստականների թվի աճին։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը խստորեն քննադատել է Շիմոնովիչի ելույթը և հայտարարել, որ զեկույցը կրկնում է «կիևյան տարբերակը»։










