Երեխաներն էլ չգիտեն՝ ով է հաղթել «Եվրատեսիլում». Արթուր Աբրահամ

18:08 • 23.05.14

«Եվրատեսիլը» երեխաների համար է, ու ոչ այնքան լավ երգի մրցույթ: Այս մասին այսօր հայտարարեց բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում՝ պատասխանելով այն հարցին, որ վերջին «Եվրատեսիլից» հետո լուրջ կասկածներ կան, որ Եվրոպան ապրում է Կոնչիտային հոգեհարազատ արժեքներով:

«Եթե մի մարդ հաղթում է այպիսի ձևով ու դառնում օրինակ երեխաներին, ու երեխաներն էլ չգիտեն՝ ո՞վ է հաղթել…»,-մեկնաբանեց Արթուր Աբրահամը:

Նրան այս մասին հարց ուղղած օգտատերը հարցրել էր նաև, որ որպես Եվրոպայում երկար տարիներ բնակվող մարդ, ի՞նչ կարծիքի է այնտեղի ընտանեկան դաստիարակության ու ընտանեկան արժեքների մասին:

«Մենք՝ հայերս ունենք լրիվ ուրիշ, եվրոպացիները՝ ուրիշ դաստիարակություն: Այնտեղ, ցավոք սրտի, երեխաներին 16-17 տարեկանից ասում են՝ գնացեք, եղեք ինքնուրույն, իհարկե, ոչ բոլորը: Ես ասում եմ՝ ցավոք, որովհետև 16-17 տարեկան երեխան կարող է շատ սխալներ գործել, իսկ ծնողը պետք է նրա գլխին լինի, որ թույլ չտա դա»,-ասաց մարզիկը: