Գվատեմալայի նախկին նախագահն ԱՄՆ-ում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

09:49 • 23.05.14

ԱՄՆ-ում դատարանը փողերի լվացման մեղադրանքով 5 տարի և 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել Գվատեմալայի նախկին նախագահ Ալֆոնսո Պորտիլյոյին։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Պորտիլյոն նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2000-2004թթ. ընթացքում, և աթոռից զրկվելուց անմիջապես հետո լքել է երկիրը։ Այնուհետև նա բնակություն է հաստատել Մեքսիկայում, սակայն այդ երկրի իշխանությունները որոշել են քաղաքական գործչին արտահանձնել հայրենիք։

 

2008թ. Պորտիլյոն ստիպված է եղել վերադառնալ Գվատեմալա, որտեղ 2 տարի անց նրան ձերբակալել են պետական միջոցների յուրացման մեղադրանքով։

 

Ընթացիկ տարվա մարտին Պորտիլյոն Նյու Յորքի դաշնային դատարանում ընդունել է մեղքը՝ ԱՄՆ-ում փողերի լվացման ու կաշառք վերցնելու համար։ Նա համաձայնել է ԱՄՆ-ի բյուջե վերադարձնել 2.5 մլն դոլար, ինչի շնորհիվ նրան հասանելիք ազատազրկման չափը զգալի կրճատվել է։ Աղբյուրը նշում է, որ հակառակ դեպքում նրան սպառնում էր մինչև 20 տարվա ազատազրկում։