Արթուր Աբրահամն այսօր ընտանյոք հանդերձ մասնակցել է Ներքին Չարբախում գտնվող իր դպրոցի վերջին զանգին

17:53 • 23.05.14

լուսանկարը՝ Photolure-ի

Արթուր Աբրահամն այսօր ընտանյոք հանդերձ մասնակցել է Ներքին Չարբախում գտնվող իր դպրոցի վերջին զանգին: Այս մասին բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարեց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:

«Ես միշտ եղել եմ Հայաստանում, ծնվել եմ Հայաստանում և կլինեմ Հայաստանում, և իմ կապը միշտ կլինի, բայց Գերմանիայում ես այնքան բաներ եմ ստեղծել և այնքան զարգացրել և ցանկություն կա ավելի շատ զարգացնելու, որ այդ ամենը չեմ կարող թողնել և Հայաստան վերադառնալ»,-ասաց Արթուր Աբրահամը:

Նրա խոսքով՝ իր մարզական կարիերան վերջացնելուց հետո Հայաստան մշտապես վերադառնալու հնարավորությունը կլինի 50/50:

Պատասխանելով օգտատիրոջ այն հարցին, թե ինչ կարծիքի է մեր ապագա սերնդի ու կրթական համակարգի մասին, մարզիկն ասաց, որ սովորել է Ներքին Չարբախում, որի շրջանավարտների «Վերջին զանգին» էլ այսօր՝ ընտանյոք հանդերձ մասնակցել է:

«Ապագա սերունդը, զգացի՝ աճում է ոչ առաջվա նման շատ դանդաղ, այլ ավելի արագ, որովհետև հիմա կան հեռախոսներ, ինտերնետային կապեր, և հիմա էլ տեխնիկան այնքան է զարգացել, որ կապ չունի՝ աշխարհի որ անկյունում ես, բոլորն էլ այդ տեխնիկայի միջոցով զարգանում են»,-նշեց մարզիկը:

Նա այսօր իր դպրոցի մարզադահլիճին նվիրել է մարզական գույք, իսկ ավելի վաղ Չարբախում ստեղծել էր մշակույթի, լեզվի ու նկարչական կենտրոններ:

«Մենք դեռ կհզորանանք , մենք դեռ 20 տարվա պետություն ենք, ուզում են 50-60-70 տարի կռիվ չունեցած պետությունների հետ համեմատվել: Իհարկե, շատ բաներ չունենք, մենք չունենք գազ, մենք չունենք նավթ ու ծովը, ինչը մեզ շատ է հետ գցում»,-կարծում է Արթուր Աբրահամը, ում այսօր օգտատերը հարց էր ուղղել, թե ե՞րբ ենք Արարատի գլխին բարձրացնելու Հայոց եռագույնը:

Ճանաչու՞մ է Արթուր Աբրահամը ԱԺ պատգամավոր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանին և ինչպես է գնահատում որպես մարզիկի: Այս հարցին ի պատասխան էլ Արթուր Աբրահամն ասաց, որ ճանաչում է նրան որպես Հայաստանի լավագույն մարզիկներից մեկի և ոչ թե հույս ունի, այլ վստահ է, որ Հայաստանում բռնցքամարտը Արթուր Գևորգյանի ղեկավարության ներքո կզարգանա: