Բոթոյանը ճնշումների մասին ասել է խմբակցության բոլոր անդամների մոտ,եթե հրաժարվում է՝ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ. Բիշարյան

19:27 • 23.05.14

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով Կարեն Բոթոյանի հերքմանը, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել, նշեց, որ ինքը մենակ չի եղել ՕԵԿ-ական արդեն նախկին պատգամավորի հետ, խմբակցության բոլոր անդամների ներկայությամբ է Բոթոյանը խոստովանել դա։

 

 

Հիշեցնենք, որ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ մանրամասնել է ՕԵԿ պատգամավոր Կարեն Բոթոյանին խմբակցությունից հեռացնելու որոշումը։

 


«Խմբակցությունում եղել է որոշում, որ Կառավարության ծրագրին չենք մասնակցելու, իսկ Կարեն Բոթոյանը ներկայացրել է, որ Կառավարության ներկայացուցիչների կողմից կան ճնշումներ, որ ինքը պետք է կողմ քվեարկի։ Այդ դիրքորոշման համար հեռացրել ենք խմբակցությունից։ Հետագայում նիստ ենք արել, և նրա կուսակցությունից հեռացնելու համար որոշում կայացրել»,- ասել է նա և նշեց, որ դահլիճում արդեն Հեղինե Բիշարյանի կողմից անուններ հնչեցվել են՝ Ֆինանսների նախարար, վարչապետ։


«Խմբակցության բոլոր անդամները ներկա են եղել, և բոլորի ներկայությամբ նա պատմել է ճնշումների մասին, որ եղել է իր և աներոջ նկատմամբ։ Այնպես որ՝ ես մենակ չեմ եղել, մեկանբանությունները թողնում եմ ձեզ»,- Tert.am-ին ասաց Հեղինե Բիշարյանը։


Նշենք, որ Կարեն Բոթոյանը armlur.am-ին հայտնել էր, որ ինքը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ երբեք անձամբ չի հանդիպել և չի զրուցել: «Եվ եթե ես նրան չեմ տեսել, ինչպե՞ս կարող էր նա ինձ որևէ բան ասել կամ պարտադրել: Ուղղակի ծիծաղելի է: Ու, ընդհանրապես, որևէ ճնշում իմ նկատմամբ չի եղել, որևէ մեկը ինձ որեւէ բան անգամ չի հուշել: ՕԵԿ խմբակցությունից դուրս գալու որոշումն իմն է եղել, և ես արել եմ իմ հայտարարությունը»,-նշել էր նա։