Ամերիկացին դատապարտվել է 90 տարվա ազատազրկման՝ ուսանողուհուն դաժան ծեծի ենթարկելու համար
Ամերիկյան հանցախմբի անդամ Հերիբետո Վիրամոնտեսը Չիկագոյի դատարանի կողմից դատապարտվել է 90 տարվա ազատազրկման՝ փոխանակման ծրագրով Հյուսիսային Իռլանդիայից ԱՄՆ ժամանած ուսանողուհի Նատաշա ՄքՇեյնին դաժան ծեծի ենթարկելու համար։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Վիրամոնտեսի գործողությունների հետևանքով 23-ամյա ուսանողուհին վերածվել է «ուրվականի». նա չի կարողանում քայլել ու խոսել։
Նշվում է, որ սարսափելի դեպքը տեղի է ունեցել 2010թ. գարնանը, սակայն դատավարությունը ձգվել է 4 տարի, և վճիռը միայն այսօր է կայացվել։
Հայտնի է, որ 34-ամյա ամերիկացին գողության նպատակով բեյսբոլի ձողով աղջկա վրա էր հարձակվել, երբ վերջինս իր ընկերուհու հետ տուն վերադառնալիս էր եղել։ ՄքՇեյնն ուղեղի ծանր վնասվածք է ստացել։










