Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել միասեռ քաղաքացիական ամուսնությունների մասին օրենքին

17:09 • 23.05.14

Էստոնիայի կառավարությունը հավանության է արժանացրել համակեցության՝ քաղաքացիական ամուսնության մասին օրենքի նախագիծն այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում կամ հնարավորություն չունեն ամուսնանալու, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով ERR-ին: Օրենքի նախագիծը, այդ թվում, վերաբերելու է նաև միասեռ զույգերին։

 

Փաստաթուղթը հավանության է արժանացել կառավարության նիստի ժամանակ: Խորհրդարանում այն ավելի վաղ հավանության են արժանացրել 40 պատգամավորներ, որոնք ներկայացնում են Բարեփոխումների կուսակցությունը, ինչպես նաև Սոցիալ-դեմոկրատական և ընդդիմադիր Կենտրոնամետ կուսակցությունները։

 

«Էստոնիան ազատության վրա հիմնված ժողովրդավարական իրավական պետություն է, որտեղ հարգում են յուրաքանչյուրի իրավունքներն ու ազատությունները, և ոչ մեկ չի կարող ենթարկվել խտրականության»,- նշել է Բարեփոխումների կուսակցության պատգամավոր Ռայթ Մարուստեն՝ ներկայացնելով փաստաթուղթը:

 

Նա հավելել է, որ իրավական պաշտպանության կարիք ունեն ոչ միայն փոքրամասնությունների ներկայացուցիչները, այլև հետերոսեքսուալ զույգերը, որոնք չեն ամուսնացել։