Գերմանացիներին արգելել են պահել նախկին սիրեցյալների ինտիմ լուսանկարները
Գերմանական Կոբլենց քաղաքի գերագույն դատարանը վճիռ է կայացրել, համաձայն որի բաժանվելուց հետո զույգերը պետք է ազատվեն իրենց մոտ եղած միմյանց անկեղծ լուսանկարներից և տեսանյութերից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ վճիռը կայացվել է այն բանից հետո, երբ դատարան է դիմել մի կին, ով պահանջել է նախկին սիրեցյալից վերացնել իր բոլոր անկեղծ լուսանկարները։
The Local-ի տեղեկություններով՝ տղամարդը, ով լուսանկարիչ է աշխատում, ստեղծել է իր սիրուհու մերկ լուսանկարների բավականին մեծ հավաքածու: Երբ զույգը բաժանվել է, կինը պահանջել է ազատվել այդ լուսանկարներից։
Դատարանը ոչ միայն համաձայնել է այդ պահանջին՝ կարծելով, որ կնոջ անձնական իրավունքները պետք է ավելի կարևոր լինեն նրա նախկին ընկերոջ հեղինակային իրավունքներից, այլև վճիռը տարածել է շրջանի բոլոր բնակիչների վրա:
Միևնույն ժամանակ նշվում է, որ այն լուսանկարները, որտեղ կինը շորերով է, տղամարդն իրավունք ունի պահել։










