Ռուսաստանն ամենուր է՝ նաև Իրանում. գերմանական պարբերականն անդրադարձել է Իրանում ՌԴ-ի կողմից կառուցվելիք նոր էներգաբլոկներին
Ռուսաստանը խառնվում է ամենուր. Ուկրաինայում, Չինաստանում, և այնպիսի բարդ մերձավորարևելյան տարածաշրջանում, ինչպիսին Իրանն է։ Այս մասին գրում է Դիտրիխ Ալեքսանդրը գերմանական Die Welt պարբերականում, որի հոդվածը ներկայացնում է inopressa.ru-ն։
Reuters գործակալության և ռուսական РИА Новости-ի տվյալներով՝ Ռուսաստանն ու Իրանը 2014թ.-ին կկնքեն նոր համաձայնագիր՝ Իրանում նոր ատոմային ռեակտորներ կառուցելու վերաբերյալ։
Դրանցից երկուսը կհայտնվեն գործող «Բուշեր» ատոմակայանի մոտակայքում, որի շինարարությունը ևս ավարտվել էր ռուս մասնագետների օգնությամբ։ Երկու ռեակտորներն էլ հետագայում դառնալու են ավելի խոշոր նախագծի մաս, որի շրջանակներում նախատեսվում է մինչև 8 էներգաբլոկի կառուցում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) և Գերմանիան մինչև հուլիսի 20-ը նախատեսում են Իրանի հետ միջուկային էներգիայի օգտագործման մասին համաձայնագիր կնքել։ Մասնավորապես, կողմերն Իրանից պահանջում են ավելի թափանցիկ լինել միջուկային ծրագրերում և հրաժարվել ռազմական նպատակներով ուրանի հարստացումից։ Ինչ վերաբերում է պատասխան քայլին՝ միջազգային հանրությունը կարող է թուլացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները։
Իրանը հերթական անգամ դեմ է արտահայտվել, որ միջազգային հանրությունը սահմանափակի ուրանի հարստացման իր իրավունքը՝ նշելով, որ ինքն իրավունք ունի «խաղաղ ատոմն» օգտագործել էլեկտրաէներգիա ստանալու նպատակով։










