Ռուս շոումեն Իվան Դեմիդովը լուրջ ավտովթարի է ենթարկվել, որից հետո նրան հոսպիտալացրել են
Հայտնի հաղորդավար և քաղաքական գործիչ Իվան Դեմիդովը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հայտնում է Kommersant.ru–ն` Մերձմոսկովյան տարբեր շրջաններում միաժամանակ երկու խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Մոսկվայի Ռամենսկի շրջանում «Լադա Պրիորա» մակնիշի մեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել: Իսկ Մոսկվայի Դմիտրովյան մայրուղու վրա տեղի ունեցած ՃՏՊ-ում լուրջ վնասվածքներ է ստացել ՌԴ մշակույթի նախկին փոխնախարար, հայտնի շոումեն Իվան Դեմիդովը, ով ծանր վիճակում հոսպիտալացվել է:
Ինչպես հաղորդել են Մոսկվայի շրջանի Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունից` ՃՏՊ-ների գործով ստուգումներ են անցկացվում, որոնց ընթացքում կճշտվեն պատահարների բոլոր հանգամանքները:
Դմիտրովյան մայրուղու վրա տեղի ունեցած պատահարի ժամանակ Kia մակնիշի մեքենան Մոսկվայի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գիծ` բախվելով Toyota մակնիշի մեքենային, որում գտնվել է ռուս շոումենը:










