Ուկրաինական դեպքերից հետո ՌԴ-ն կարող է խաղաղարար գործողություններ սկսել մեր տարածաշրջանում. Աշոտ Մանուչարյան
Ուկրաինական դեպքերից հետո Լեռնային Ղարաբաղում պատերազմի հավանականությունն այլևս հավասար չէ զրոյի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ղարաբաղ կոմիտեի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը: Նա նշեց, որ եթե հանկարծ հայ-ադրբեջանական սահմանին որոշակի գործողություններ լինեն, և երկու կողմից կրակոցներ հնչեն, ապա Ռուսաստանը կարող է խաղաղարար գործողություններ սկսել տարածաշրջանում:
«Իսկ Ռուսաստանին նման գործառությունը պետք է՝ ի պատասխան ԱՄՆ-ի գործողություններին Ուկրաինայում: Եթե նախկինում ԼՂՀ-ում խնդիրը այն էր, թե ինչպես համադրել խոշոր երկրների շահերը տարածաշրջանում, ապա այսօր կա Ռուսաստանի ապստամբությունն ընդդեմ հասարակարգի: Ռուսաստանն իր պատիժն է ստանում Ուկրաինայում, բայց նրա պատասխաններից մեկը կարող է այստեղ լինել, այդ պատճառով առաջացել է պատերազմի վտանգ: Մյուս կողմից էլ, Վրաստանն այսօր դրդվում է այնպիսի քայլերի, որոնք իր շահերից չեն բխում: Իվանիշվիլի գալուց հետո մեղմվել էին հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց հիմա նորից խոսվում է ՆԱՏՕ-ի զորքերի առկայության անհրաժեշտության մասին, և դա նման է կատաղած արջին փայտով ծեծելուն: Հետևաբար` հարվածը կարող է Վրաստանում լինել»,-ասաց նա:
Անդրադառնալով օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստան, Արցախ և Ադրբեջան կատարած այցին՝ Մանուչարյանը նախ նշեց, որ համանախագահները եղան Լաչինում ու Քարվաճառում, որպեսզի ցույց տան Ադրբեջանին, որ իր համար կարևոր տարածքները ստուգում են:
«Մինսկի խմբից Ադրբեջանը միշտ դժգոհություն է հայտնում, և դա իրենց քաղաքականության մասն է: Այդ կեցվածքը կապված է նրա հետ, որ նրան առաջարկված է առճակատման մոդելը՝ հայերը ատելի են և այլն: Այստեղ ամենամեծ խնդիրը Իրանն էր: Ադրբեջանն այսօր զինվում է ընդդեմ Իրանի, ոչ ընդդեմ Հայաստանի: Իսրայելական զենքը նրան տրվում է ընդդեմ Իրանի, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մի պահ չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ: Դրա համար պետք էր ատելություն իբր Հայաստանի նկատմամբ, այսինքն՝ իբր դա Հայաստանի հանդեպ է կատարվում, բայց իրականում ընդդեմ Իրանի և ընդդեմ Ռուսաստանի»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է խնդրի լուծման նոր ձևաչափի առաջ քաշումը և այլ ճանապարհով խնդրի լուծման հասնելը, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց, որ Ադրբեջանը երբեք չի կարողանա դուրս գալ արդեն գոյություն ունեցող ձևաչափից, քանի որ որոշողը ինքը չէ:
«Իրականում այդ ձևաչափը որևէ կապ չունի խնդրի կարգավորման հետ: Խնդիրը կարգավորվում է այն ժամանակ, երբ տարածաշրջանի ժողովուրդները որոշում են գործել: Եթե Ղարաբաղում կա երիտասարդություն, որը չի ճանաչում օլիգարխիան, կարող է ցանկացած օլիգարխիայի բացատրել, որ այդպես չի: Ուղղակի նա դեռ չի գիտակցում շատ բաներ, բայց հենց գիտակցի, ես սպասում եմ, որ կարող են լինել նոր գործողություններ, նոր դերակատարում»,-ասաց նա:










