Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ պատասխան տալու

09:39 • 23.05.14

Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

Դիվանագիտական աղբյուրները տեղեկացրել են, որ դեսպանին հիշեցրել են այն արտահայտությունները, որոնք նա օգտագործել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում, և դրանք որակվել են միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, ինչն անթույլատրելի է։

 

Դեսպանի ուշադրությանն է ներկայացվել այն, որ նման քայլերը չեն համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն և հակասում են դիվանագիտական գործունեության նորմերին։


Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը, սակայն, հաղորդել է, թե դեսպանն ԱԳՆ չի կանչվել։


Հիշեցնենք, որ անդրադառնալով քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների մասին հարցին՝ Մորնինգսթարը նշել էր, որ Ադրբեջանում կարող են կրկնվել ուկրաինական Մայդանի իրադարձությունները: