Ստամբուլում երկրորդ զոհն է գրանցվել. ամբոխը փորձել է Լինչի դատաստանի ենթարկել ոստիկաններին

17:47 • 23.05.14

Ստամբուլի Օքմեյդանը շրջանում երեկ սկսված և ողջ օրը շարունակված բախումների հետևանքով զոհերի թիվը 2-ի է հասել։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, երեկ տեղի ունեցած սպանությունից 27 ժամ անց՝ այսօր, դեպքի վայր է ժամանել դատախազն ու ոստիկանության երկու աշխատակից։

 

Հավաքված քաղաքացիները հարձակվել են ոստիկանների վրա և փորձել են Լինչի դատաստանի ենթարկել նրանց։
Ամբոխը փորձել է իջեցնել իրենցից փախչելով մեքենա մտած ոստիկանին և կոտրել է ապակիները։
 

Ոստիկաններին հաջողվել է փրկվել։
 

Ստամբուլի նահանգապետ Հուսեյին Ավնի Մութլուն իր հերթին հայտարարել է, թե ամեն ինչ անելու են զինված և դիմակավոր մարդկանց հայտնաբերելու և պատժելու համար։


«Պետությունից և ժողովրդից ուժեղ ուժ լինել չի կարող. դա պետք է հասկանան բոլորը»,- ասել է նա։

 

Հիշեցնենք, որ Օքմեյդանը շրջանում ցույցերը սկսվել էին առավոտյան ժամերին։ Դիմակավոր անձանց մի խումբ փողոց էր դուրս եկել՝ բողոքելու Մանիսա նահանգում տեղի ունեցած ածխահանքի վթարի դեմ, սակայն ոստիկանության հետ բախումներ էին սկսվել։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրաշիթեր էր օգտագործել, ինչին ցուցարարները քարերով և դյուրավառ նյութերով էին պատասխան տվել։