Ուկրաինայում պահանջում են ազատ արձակել Պուտինի դեմ մահափորձի գործով մեղադրյալին

12:27 • 23.05.14

Ադամ Օսմաևը, ով մեղադրվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ պատրաստելու համար, կարող է մոտ ժամանակներս ազատության մեջ հայտնվել, գրում է «Известия»-ն՝ հղում անելով մեղադրյալի փաստաբան Օլգա Չերտոկին։

 

Նա հայտնել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները դիմել են գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկուն՝ խնդրելով վերանայել հետաքննության արդյունքները: Դատախազությունն արդեն մի շարք փորձաքննություններ է նշանակել, որոնց արդյունքները, նրա կարծիքով, կնպաստեն Օսմաևի ազատ արձակմանը։

 

Օսմաևը ձերբակալվել էր Օդեսայում 2012 թվականի փետրվարի 4-ին՝ կասկածվելով քաղաքի Տիրասպոլսկայա փողոցում 2012 թվականի հունվարի 4-ին պայթյուն իրականացնելու համար: Փետրվարի 27-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ Օդեսայում տեղի ունեցած ձերբակալությունը տապալել է Պուտինի դեմ նախագահական ընտրություններից հետո մահափորձ կատարելու ահաբեկիչների պլանները։