Իշխանությունն իր ներսում շատ ավելի խնդիր ունի, քան ընդդիմությունը. Ռուբեն Հակոբյան

10:49 • 23.05.14

Իշխանությունն իր ներսում շատ ավելի խնդիր ունի, քան ընդդիմությունը. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Նա նկատեց, թե դրանով հանդերձ փորձ է արվում նման խնդիրների առկայությունը վերագրել ընդդիմությանը, որտեղ եթե լինեն էլ տարաձայնություններ, շատ բնական կլինեն։

«Ի դեպ, երեկվա չքվեարկությունն ըստ էության պատասխանն էր այն նեկրոլոգների, որ իշխանական լրատվամիջոցները փորձում են մատուցել, թե ընդդիմությունում է խնդիրը։ Իշխանությունում, այո, հստակ տեսանելի էր, որ նույնիսկ նոր կառավարության ձևավորման շրջանակներում ունի խնդիր»,-նշեց նա։

Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ չորս ոչ իշխանական քաղաքական ուժերը համաձայնության են գալիս զիջումներով, կոմպրոմիսներով, և նման հաջողված փորձ էր Կառավարության ծրագրի քվեարկությանը չմասնակցելը, որի նպատակն էր, որ գոնե քվորում չլինի։

Մինչդեռ պատգամավորը, հղում անելով մամուլին, նշեց, թե դահլիճում չի եղել այնքան պատգամավոր, որքան կողմ ձայներն էին։

Լրագրողի հարցին, թե ինչ նկատի ուներ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, երբ կառավարության ծրագրի ժամանակ մեջբերում էր Գևորգ Մարզպետունու կերպարը և արդյո՞ք նա վարչապետին համեմատում է պատմական այդ կերպարի հետ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ես ուղղակի զուգահեռը արեցի այնքանով , որքան որ գեղարվեստական գրականության մեջ կա, որ մի ծաղկով գարուն կգա, բայց կյանքում դա չի իրականացվել»։
Իսկ թե նշելով, որ շուտով Հովիկ Աբրահամյանը կհեռանա, կոնկրետ ժամանակ կարո՞ղ է նշել, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, թե ժամանակը հարաբերական է, և ինքն այն մարդկանցից չէ, որ հստակ հեղափոխություն անելու օր ու ժամ են ասում։

«Ուղղակի շատ ռեալ ռեսուրսները՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյահոգեբանական, թե՛ ֆինանսական, գրեթե սպառված են, ուստի կա՛մ հրաժարական կտա, կա՛մ էլ կասեն՝ տուր, և ինքն էլ լսի հորդորը»,-ասաց նա։