Շատ կարևոր է գնահատված լինելը. Նախագահի մրցանակի արժանացած գիտնականներ
Բնական գիտությունների զարգացման բնագավառում «Կոնֆորմացիոն անցումների տեսությունը կենսաբանական մակրոմոլեկուլներում» գիտական հոդվածների շարքի համար ՀՀ նախագահի 2013թ-ի մրցանակին արժանացած գիտնականներից Շուշանիկ Տոնոյանի համար մրցանակը առաջին հերթին խթան է և ոգևորիչ հետագա աշխատանքների համար:
«Շատ կարևոր է գնահատված լինելը: Սա արածդ աշխատանքի մասին բարձրաձայնելու ևս մեկ լավ առիթ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում «Օպտիկական ազդանշանի սպեկտրային վերլուծության նոր, բազմանպատակ կիսահաղորդչային սենսոր» գիտական հոդվածների շարքի համար մի խումբ գիտնականների հետ արժանացել է պետական մրցանակի նաև Ստեփան Ծատուրյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց խումբը երկար ժամանակ է աշխատում է օպտիկական նոր մոդելի վրա, որն իր գնահատմամբ հաջողությամբ հասցրել են ավարտին:
«Ֆոտոսենսորի հիման վրա ստեղծում ենք բազմաֆունկցիոնալ փոքր չափսերով սարք, որը հնարավորություն կտա հեռահար կերպով տարբեր քիմիական նյութեր հայտնաբերել, որը կկիրառվի և՛ սննդի արդյունաբերության մեջ, և՛ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու գործում»,-ասաց նա:
Հարցին, թե դժվար չէ՞ երիտասարդի համար Հայաստանում զբաղվել գիտությամբ, նա պատասխանեց. «Ցանկացած տեղ գիտությամբ զբաղվել դժվար է՝ ժամանակի, հնարավորությունների, անքուն գիշերների տեսանկյունից»։
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն էլ, ով արժանացավ մրցանակի «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ 1916-1917թթ) եռահատոր փաստաթղթերի ժողովածուի համար, նշեց, որ մինչ օրս Ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր են հրատարակվել, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտասահմանում, բայց այս մեկն առանձնանում է նրանով, որ հավաքված են վերապրածների վկայությունները:
«Մենք առաջին անգամ ներկայացրել ենք փաստաթղթեր, որոնք պատմում են մարդու մասին, անհատի կյանքը՝ 1914-1915թթ-ին: Այդպիսի մոտ 700 փաստաթուղթ կար, որոնք գրի են առնվել 1916թ-ին: Մինչև 2000թ-ը այս փաստաթղթերը անհայտության մեջ էին, թեև արխիվում էին պահպանվում: Մենք ներկայացրել ենք մարդուն իր աշխարհով՝ ինչպես է կորցրել իր հարազատներին ու ինչ հրաշքով փրկվել»,-ասաց նա:










