Apple-ը $3 միլիարդով գնել է ականջակալներ արտադրող Beats ընկերությունը
Apple ընկերությունը գնել է Beats Electronics ականջակալներ արտադրող հայտնի ընկերությունը և Beats Music երաժշտական օնլայն ծառայությունը, գործարքի արժեքը կազմել է 3 միլիարդ դոլար: Այդ մասին ասված է Apple-ի պաշտոնական հաղորդագրության մեջ, գրում է lenta.ru-ն:
Բացի Beats ականջակալներից՝ ընկերությունը թողարկում է ակուստիկ համակարգեր և աուդիոծրագրեր: Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 3 միլիարդ դոլար, որից 2,6 միլիարդը կվճարվի գնելու ժամանակ, իսկ մնացած մասը՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում:
Վճարման հստակ ժամկետը Apple-ը չի նշում: Apple-ն իր գործարքը պատրաստվում է ավարտել իր ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում, որը կավարտվի սեպտեմբերին:
Beats-ի համահիմնադիրները՝ Ջիմի Այովինը և ռեփեր Անդրե Յանգը, ով ավելի հայտնի է որպես Dr. Dre, կմիանան Apple-ի թիմին: Այովինը կարող է զբաղեցնել Apple-ի մեդիաբիզնեսում ղեկավար պաշտոններից մեկը կամ դառնալ Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուկի խորհրդականը:










