Google-ը Եվրոպայում օգտատերերի մասին հիշատակումները հեռացնելու ծառայություն է թողարկել

11:13 • 30.05.14

Ինտերնետային հսկա Google-ը Եվրոպայում օգտատերերի մասին հիշատակումները հեռացնելու ծառայություն է թողարկել, որը թույլ է տալիս օգտատերերին հայտ ուղարկել ընկերություն՝ իրենց մասին հին կամ վարկաբեկող տեղեկություններ պարունակող կայքերի հղումները հեռացնելու խնդրանքով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:

 

Ավելի վաղ ԵՄ դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն օգտատերերն իրավունք ունեն պահանջելու որոնողական ընկերություններից հեռացնել իրենց մասին տեղեկություն պարունակող որոնման արդյունքները: Ի սկզբանե դատարանի վճիռը վերաբերում է միայն Google-ին:

 

Google-ի տնօրեն Լարի Փեյջը թերթին տված հարցազրույցում ասել է, որ այսպես կոչված «մոռացված լինելու իրավունքը» կարող է վնաս հասցնել ինտերնետային ստարտափերի հաջորդ սերնդին և ուժեղացնել ռեպրեսիվ կառավարությունների դիրքերը, որոնք ցանկանում են սահմանափակել առցանց հաղորդակցությունը։

 

Ընկերությունը հույս ունի հավասարակշռություն գտնել եվրոպացիների մասին վարկաբեկող մասնավոր տեղեկատվությունների արգելափակման և հասարակական հետաքրքրություն ներկայացնող նյութերի հղումների պահպանման միջև:

Google-ը Եվրոպայում օգտատերերի մասին հիշատակումները հեռացնելու ծառայություն է թողարկել