Մայրական մահերի հետ կապված խնդրում նախարարությունը շատ խիստ մոտեցում է ցուցաբերելու. Առողջապահության նախարար
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ԱԺ-ում լրագրողների խնդրանքով անդրադարձավ երեկ Գյումրիում տեղի ունեցած միջադեպին, երբ ծննդաբերության ժամանակ գրանցվել էր մայրական մահ:
Նախարարի տեղեկացրեց, որ դեպքից անմիջապես հետո առողջապահության նախարարությունը ձևավորել է խումբ` գլխավոր գինեկոլոգ մանկաբարձ պրոֆեսոր Աբրահամյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի` ուսումնասիրելու բոլոր փաստերը:
«Վերջնական բոլոր նյութերը քննարկվելու են առողջապահության նախարարությունում, հատուկ նիստում, լինելու է շատ խիստ մոտեցում մայրական մահերի հետ կապված»,- ասաց նախարարը:
Իսկ թե արդեն տեղյա՞կ են, թե որն էր մահվան պատճառը, նախարարը նշեց, որ վերջնական պատճառը կարող են պարզել դատական մարմինները. «Նախնական տվյալների համաձայն՝ պատճառը պտղաջրային էմբոլիա կոչվող հազվագյուտ հանդիպող բարդությունն է, որը կայծակնային ավարտ է ունենում»:
Նա նշեց, որ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է գտնվում նաև երկու այլ դեպք` կապված Գյումրիում երկու կանանց ծննդաբերությունից հետո առաջացած բարդությունների հետ:
Նախարարը նշեց, որ մեկ կին արդեն վիրահատվել է երկուսն էլ տեղափոխվել են Երևան։










