Microsoft-ի նախկին տնօրենը որոշել է գնել NBA-ի ակումբը ռեկորդային գնով
Microsoft ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը որոշել է գնել Ազգային բասկետբոլի ասոցիացիայի (NBA) Los Angeles Clippers ակումբը, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով LA Times-ին:
Գործարքի արժեքը կկազմի 2 միլիարդ դոլար: Բալմերը, ում կարողությունը գնահատվում է 18,9 միլիարդ դոլար, «խլել» է նման հնարավորությունը Լոս Անջելեսից ներդրողներ Թոնի Ռեսլերից և Բրյուս Քերշից, ովքեր առաջարկում էին թիմի համար մոտ 1,2 միլիարդ դոլար:
Գնումն ավարտելու համար Բալմերը պետք է ստանա NBA-ի բոլոր 30 ակումբների տերերի 3/4-ի հավանությունը, բայց նշվում է, որ միլիարդատերը համաձայնություն է ստացել, քանի որ չի պատրաստվում թիմը տեղափոխել Լոս Անջելեսից Սիեթլ:
Նախկինում Clippers-ի տերը գործարար Դոնալդ Սթերլինգն է եղել, բայց NBA-ը պարտավորեցրել է նրան վաճառել ակումբը ռասիստական արտահայտությունների հետ կապված սկանդալի պատճառով: Ասոցիացիան ցմահ որակազրկել է Սթերլինգին և տուգանել 2,5 միլիոն դոլարով, այդ պատճառով մագնատը ստիպված է եղել փոխանցել ակումբի հետ կապված իրավունքներն իր կնոջը՝ Շելիին, որն էլ կնքել է գործարքը Բալմերի հետ։










