Կալիֆոռնիայում ներկայացվել է Dragon V2 տիեզերական «տաքսին»
Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Էլոն Մասկը Կալիֆոռնիայում ներկայացրել է Dragon V2 տիեզերական կապսուլը, որը նախատեսված է ամերիկացի տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան տեղափոխելու համար։ Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, տիեզերական «տաքսին» կարող է միանգամից 7 մարդ տեղափոխել։
«Սարքը կարող է վայրէջք կատարել Երկրի ցանկացած կետում՝ ցամաքում և ջրում։ Այն նախատեսված է բազմակի օգտագործման համար»,- նշել է Մասկը։ Նա նաև հավելել է, որ ուղևորներից յուրաքանչյուրի տեղափոխումը կարժենա 20 մլն դոլար։
Եթե ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հավանություն տա այս նախագծին, ապա Dragon V2-ն իր առաջին փորձնական թռիչքը կիրականացնի 2016թ.։
Աղբյուրը հավելում է, որ ներկայում ամերիկացի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայան են տեղափոխվում ռուսական «Սոյուզ» սարքով։ Յուրաքանչյուր տիեզերագնացի համար ամերիկյան կողմը ռուսներին վճարում է 60 մլն դոլար։










