Իրանը հերքել է Մարկ Ցուկերբերգին դատարան կանչելու մասին լուրը
Իրանական Շիրազ քաղաքի գլխավոր դատախազ Ալի Ալղասիմեհրը հերքել է օրեր առաջ միջազգային լրատվամիջոցների տարածած լուրը, ըստ որի տեղի դատավորներից մեկը հայցերից մեկի առնչությամբ պահանջել է Facebook սոցկայքի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգին դատարան ներկայանալ։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, դատախազն ընդգծել է, որ Ցուկերբերգը որևէ մեկի կողմից դատարան չի կանչվել՝ հավելելով, որ Facebook-ին պատկանող Instagram և Whatsapp հավելվածները շարունակում են երկրում թույլատրելի մնալ։
Աղբյուրը մանրամասնում է, որ նախկինում հրապարակված նյութերում նշվում էր, որ Ցուկերբերգը դատարան է կանչվել, քանի որ մի խումբ իրանցի օգտատերեր բողոքել են, որ Instagram-ն ու Whatsapp-ը խախտում են իրենց անձնական տվյալների ապահովությունը։
Հայտնի է, որ հայցն իրոք ներկայացվել է, սակայն վերջնական վճիռ դեռևս չի կայացվել։










