Լեգենդար Կուստոյի թոռը սուզվել է ստորջրյա լաբորատորիա, որտեղ մտադիր է անցկացնել 31 օր (լուսանկարներ)
Ֆրանսիացի լեգենդար հետազոտող Ժակ Իվ Կուստոյի թոռն իր թիմի հետ սուզվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գտնվող Aquarius ստորջրյա լաբորատորիան, որը տեղակայված է մոտ 19 մ խորության վրա, հայտնում է newsru.com-ը։
Ֆաբյեն Կուստոն մտադիր է այնտեղ անցկացնել 31 օր և գերազանցել իր պապի ռեկորդը։ 1963-ին Ժակ Իվ Կուստոն ուղիղ 30 օր իր թիմի հետ գտնվել է Conshelf II հետազոտական կայանում, որը գտնվում է Կարմիր ծովում։ Դրանից հետո Կուստոն նկարահանել է «Աշխարհն առանց արևի» ֆիլմը (1964), որն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ։
Սուզվելուց առաջ ջրասուզորդները խոստովանել են, որ կկարոտեն արևի լույսը, սակայն այդքան երկար ժամանակ ջրի տակ մնալն իրենց չի վախեցնում։ «Կարծում եմ՝ այնտեղ մեզ այնքան հետաքրքիր բաներ են սպասվում, որ ցամաք վերադառնալու ցանկություն չենք ունենա»,- կատակել է 46-ամյա Ֆաբյեն Կուստոն։
















