Samsung-ը ներկայացրել է Tizen օպերացիոն համակարգով գործող առաջին սմարթֆոնը
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է առաջին սմարթֆոնը, որը գործում է ընկերության սեփական արտադրության Tizen օպերացիոն համակարգի հիմքով։
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, սարքը ստացել է Samsung Z անվանումը. այն համալրված է 4.9 դյույմ անկյունագծով Super AMOLED էկրանով, 2.3 Գհց քառամիջուկ պրոցեսորով, 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, մատնահետքերի սքանավորման գործառույթով, սրտի ռիթմը չափող սենսորով, Wi-Fi-ով, Bluetooth 4.0-ով։ Բացի այդ, նորույթն ունի 8 մեգապիքսելանոց հիմնական և 2.1 մեգապիքսելանոց առջևի տեսախցիկներ։ Հեռախոսը կշռում է 136 գր։
Samsung-ի ներկայացուցիչները խոստացել են, որ Tizen օպերացիոն համակարգը կլինի բարձրորակ ու շատ արագ կաշխատի։ Հայտնի է, որ Samsung-ը Google-ի հանրահայտ Android օպերացիոն համակարգի այլընտրանքը ստեղծել է 12 ընկերությունների հետ համագործակցության արդյունքում։










