12 էկզոմոլորակ, որոնց վրա կարող է կյանք գոյություն ունենալ (լուսանկարներ)
Գիտնականները երկուշաբթի հայտարարել էին, որ քարքարոտ մեգա-մոլորակ են հայտնաբերել, որն իր զանգվածով 17 անգամ գերազանցում է Երկրին՝ նոր բացահայտումներ անելով Արեգակնային համկարգից այն կողմ գտնվող մոլորակների բնութագրման ոլորտում, որոնց վրա կարող է կյանք գոյություն ունենալ:
Ինչպես գրում է Business Insider-ը՝ խոսքը Kepler-10c էկզոմոլորակի մասին է, որը, սակայն, միակ պոտենցիալ բնակելի մոլորակը չէ, որ գտնվում է Արեգակնային համակարգից այն կողմ: Պուերտո Ռիկոյի համալսարանին կից գործող Մոլորակային բնակելիության լաբորատորիան էկզոմոլորակների ցանկ է ներկայացրել, որոնք բավականին նման են Երկրին՝ հաշվի առնելով նրանց չափսերը, զանգվածը և հեռավորությունն իրենց կենտրոնական աստղերից՝ գործոններ, որոնք հավանաբար կարող են նպաստել հեղուկ ջրի, հետևաբար և՝ կյանքի առկայությանը:
Գիտնականները չեն երաշխավորում անպայման կյանքի առկայությունն այդ մոլորակներում, սակայն նշում են, որ բնակության համար դրանք ամենահավանական տարբերակներն են Արեգակնային համակարգից դուրս:
1. Gliese-667C c
Gliese-667C c-ի զանգվածը, որը հայտնաբերվել է 2012-ի փետրվարին, 4.5 անգամ գերազանցում է Երկրի զանգվածին: Այն հայտնաբերվել է 22 լուսային տարի հեռավորության վրա՝ Gliese-66C կարմիր աստղի շուրջ պտտվելիս: Այն ավելի մոտ է Արեգակին, քան Մերկուրի մոլորակը:

2. Kepler-62e
Kepler-62e-ը հավանական բնակելի էկզոմոլորակների ցանկում հայտնվել է անցյալ տարի: Մոլորակի շառավիղը Երկրից երկար է 1.61 անգամ, թեև աստղագետները դեռևս չգիտեն դրա զանգվածի չափսն ու թե ինչից է այն բաղկացած:

3. Kepler-283c
Kepler-283c-ը Kepler-283 աստղի շուրջ պտտվող երկու մոլորակից մեկն է: Այն մոտ 1.8 անգամ ավելի մեծ է, քան Երկիրը, և մեկ պտույտն իրականացնում է 93 օրում:

4. Kepler-296f
Kepler-296f-ի չափսը երկու անգամ մեծ է Երկրից:

5. Tau Ceti e
Tau Ceti e-ն Tau Ceti աստղի շուրջ պտտվող 5 մոլորակից մեկն է, որը արեգակին ամենանման աստղերից մեկն է և գտնվում է մեզանից 12 լուսային տարի հեռավորության վրա:

6. Gliese-581g
Gliese-581g-ը առաջին հավանական բնակելի էկզոմոլորակն է, որը աստղագետները հայտնաբերել են 2010-ի սեպտեմբերին: Այն պտտվում է Gliese 581 կարմիր թզուկ աստղի շուրջ, որը գտնվում է Երկրից 20 լուսային տարի հեռավորության վրա:

7. Gliese-163c
Gliese-163c-ը, որը պտտվում է Երկրից 50 լուսային տարի հեռավորության վրա գտնվող Gliese-163 աստղի շուրջ, հայտնաբերվել է 2012-ի սեպտեմբերին՝ Չիլիում տեղակայված Եվրոպական հարավային աստղադիտարանի աստղադիտակի օգնությամբ:

8. HD-40307 g
HD-40307 g-ը այն 6 մոլորակից մեկն է, որոնք պտտվում են HD-40307 աստղի շուրջ, որը գտնվում է մեզանից 42 լուսային տարի հեռավորության վրա:

9. Kepler-22b
Թեև Kepler-22b-ն գտնվում է Երկրից 600 լուսային տարի հեռավորության վրա և գրեթե կրկնակի մեծ է մեր մոլորակից, դրա պտույտի 290-օրյա պարբերականությունը մոլորակի պայմանները բավականին նման է դարձնում Երկրի պայմաններին:

10. Kepler-62f
2013-ի ապրիլի 18-ին հայտնաբերված Kepler-62f-ը երկրորդ պոտենցիալ բնակելի մոլորակն է, որը պտտվում է Kepler 62 արեգակնանման աստղի շուրջ:

11. Kepler 186f
Kepler 186f-ը, որը գտնվում է Երկրից 450 լուսային տարի հեռավորության վրա, չափսերով ամենամոտն է Երկրին և ստացել է «Երկրի զարմիկ» անվանումը: Նոր հայտնաբերված մոլորակի չափսը Երկրից 10 տոկոսով ավելի մեծ է և, հավանաբար, հեղուկ ջուր է պարունակում իր մակերեսին:

12. Gliese-581d
Gliese-581d-ը հայտնաբերված 5 մոլորակից մեկն է, որը պտտվում է Gliese 581 կարմիր աստղի շուրջ: Մոլորակի զանգվածը 7 անգամ գերազանցում Երկրի զանգվածին, որից այն չափսերով կրկնակի մեծ է:











