Եվրամիությունն Apple-ի և Starbucks-ի նկատմամբ հետաքննություն է սկսել
Եվրամիության ղեկավարությունը հետաքննություն է սկսել ամերիկյան Apple և Starbucks ընկերությունների նկատմամբ, որոնք կասկածվում են Եվրոպայում հարկերից խուսափելու համար, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետաքննությունը, ԶԼՄ-ների տվյալներով, կենտրոնացած է «հարկային ճոխ պայմանների» վրա, որոնք տրամադրում են կորպորացիաներին առնվազն երեք երկրներում՝ Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում և Նիդեռլանդներում:
ԵՄ-ի հակամենաշնորհային մարմիններն արդեն պարզաբանումների համար դիմել են խոշոր ընկերությունների հարկման առիթով: Անցած տարի հաղորդվել էր, որ Starbucks-ը հարկերից խուսափում է Մեծ Բրիտանիայում՝ գրանցելով եկամուտներն իր նիդեռլանդական ստորաբաժանումում:
Starbucks-ից բացի, Մեծ Բրիտանիայում հարկերից խուսափելու «ագրեսիվ» պրակտիկայի համար խիստ քննադատության էին ենթարկվել այլ ամերիկյան կորպորացիաներ, որոնց թվում է նաև Apple-ը։










