Ադրբեջանը դժգոհ է Google maps-ում Լեռնային Ղարաբաղն Արցախի Հանրապետություն կոչելու փաստից
Google որոնողական համակարգի Google maps քարտեզում Լեռնային Ղարաբաղը նշվել է որպես Լեռնային Ղարաբաղ Արցախի Հանրապետություն, ինչն ադրբեջանցիները որպես «սադրանք» են որակում։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայությունների կենտրոնին հղումով, հունիսի 18-ից Լեռնային Ղարաբաղը քարտեզին հայերենով նշված է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», իսկ սեյսմոլոգիական ծառայությունը հայտարարում է, որ կենտրոնն իր պաշտոնական կայքերում օգտագործում է Google maps-ը։
«Ադրբեջանի հանդեպ միջազգային որոնողական համակարգի կողմից նման սադրանքներն անհանգստություն են հարուցում։ Քարտեզի վրա սադրիչ փոփոխությունների իրականացման հարցը քննարկվում է կենտրոնում»,-հաղորդել են սեյսմոլոգիական ծառայությունից։
Նաև նշվում է, որ սա Google-ի առաջին նման քայլը չէ։ «Նման բան տեղի էր ունեցել նաև ավելի վաղ, և միայն մեր համառության շնորհիվ հայերենով ադրբեջանական տարածքի անվանումը հանվեց քարտեզից։ Ցավով հայտնում ենք, որ Google-ը պարբերաբար նման սադրանքների է դիմում»,-ասված է հայտարարության մեջ։










