«Ոսկե ծիրանը» արվեստում մեծ շարժ է մտցրել, ու շարժել կինոարվեստի անիվը. Նարե Հայկազյան

20:18 • 14.07.14

Դերասանուհի Նարե Հայկազյանը «Ոսկե ծիրան» փառատոնին ներկայացրել է 18 րոպե տևողությամբ «Թակոց» ֆիլմը, որտեղ հանդես է գալիս ոչ թե իբրև դերասանուհի, այլ՝ ռեժիսոր: Tert.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ այս կինոփառատոնը արվեստում մեծ շարժ է մտցրել ու շարժել կինոարվեստի անիվը:


«Փառատոնի կազմակերպիչները իսկապես սայլակը իրենց ուժերով տանում են: Ինձ համար սա մեծ ուրախություն ու պատիվ է՝ ներկայանալ փառատոնին: «Ոսկե ծիրանը» ինձ համար տոն է, և այն իր անվան մեջ արդեն ունի տոնակատարման շուք: Իսկ եթե գործնականում դիտարկենք փառատոնի տված արդյունքը, ապա պետք է նշել, որ այսօր բավական մեծ երիտասարդություն սկսել է կինո նկարել, չգիտեմ՝ սրանից ավելի ուրախալի բան կա՞»,- ասաց նա:


Հարցին, թե կնշի վերջին տարիներին նկարահանված մի քանի հայկական ֆիլմ, որոնք ըստ նրա բարձր գնահատանքի են արժանի, պատասխանեց. «Ես մոնումենտալ ֆիլմերի կողմնակիցը չեմ, փոքր ֆիլմերի սիրահար եմ՝ 3-ից 15 րոպեանոց: Ես ինչ-որ բաներ նայել եմ հեռվում գտնվելով, տեղեկություն ունեմ»:


Նարե Հայկազյանը նշեց, որ փորձելու է դիտել փառատոնին ներկայացված բոլոր ֆիլմերը, քանի որ այս տարվա փառատոնը նաև նվիրված է իր կողմից սիրված Փարաջանովի 90-ամյակին և համեմված է վերջինիս յուրահատուկ ոճով:

 

 

«Ոսկե ծիրանը» արվեստում մեծ շարժ է մտցրել, ու շարժել կինոարվեստի անիվը. Նարե Հայկազյան