Ինչ փուլում են կրկեսի կառուցման աշխատանքները և երբ կավարտվեն

20:52 • 14.07.14

Կրկեսի երկրորդ հարկն է արդեն կառուցվում, և մյուս տարվա վերջ նախատեսվում է բացումը: Tert.am-ի հետ զրույցում հայտնեց կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: «Կլինի ամենաբարձր մակարդակով, ժամանակակից պայմաններին հարիր կրկես: Նախնական աշխատանքներից շատ գոհ ենք»,- ասաց նա:


Կրկեսի տնօրենը նշեց, որ աշխատանքները փոքր-ինչ երկարեցին, որովհետև կրկեսի տակն ամբողջությամբ ջուր էր և հարկ եղավ ջրահեռացման հատուկ տեխնոլոգիաներ կիրառել: ««Տաշիր գրուպն» անում է ամեն ինչ, որպեսզի ունենանք մոդերնիզացված կրկես»,- նշեց նա:


Սոս Պետրոսյանը հայտնեց, որ ամռանը կրկեսային ստուդիայում լայնածավալ ընդունելություն են կազմակերպում: «Դարձյալ ի շնորհիվ «Տաշիր գրուպի», մեզ մոտ անվճար ուսուցում է իրականացվում, ունենք լավ մասնագետներ, նույնիսկ պար ենք ուսուցանում: Բարեգործական հիմունքներով ամեն ամիս մենք շրջաններ ենք այցելում, եղել ենք Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում, և վերջերս էլ վերադարձել ենք Արցախից»,- ասաց նա:


Սոս Պետրոսյանը հայտնեց, որ հայկական կրկեսի մեր բոլոր կենդանիները հյուրախաղերի մեջ են: «Առաջ մենք չէինք կարողանում գիշատիչներ բերել, որովհետև պատկանում էինք Մշակույթի նախարարությանը, իսկ նախարարությունը մենակ լույսի ու ջրի գումար էր տալիս: Իսկ հիմա մենք շնորհիվ «Տաշիր գրուպի» կունենանք հնարավորություն՝ իրականացնել ժամանակակից ծրագրեր: Կրկեսի զարգացման համար Մշակույթի նախարարությունը մեկ լումա անգամ չի ներդրել»,- ասաց նա:



 

Ինչ փուլում են կրկեսի կառուցման աշխատանքները և երբ կավարտվեն