Հալեպում հայեր են վիրավորվել
Հանգստյան օրերին Հալեպի հայաշատ թաղամասերում դարձյալ պայթյուններ են լսվել:
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված հրասանդի արկի պայթյունի հետևանքով Սուլեյմանիե թաղամասում վիրավորվել են Ավետիս և Էլիզ Քյուրքճյանները, իսկ պատահական փամփուշտից վիրավորվել է Լարա Սնունին:
Վիրավորների վիճակը գնահատվում է բավարար:
Հալեպում կան թաղամասեր, որոնք ավելի քան 50 օր ջրազրկված են, սակայն ընդհանուր առմամբ ջրամատակարարման հարցը համեմատաբար կարգավորվել է, և էլեկտրական սարքերի միջոցով հնարավոր է լինում որոշակի ժամերի տուն ջուր հասցնելը։
Այնուհանդերձ, մարդիկ շարունակում են տուն տանել դպրոցների, եկեղեցիների և մզկիթների բակերում փորված հորերի ջուրը, որը, սակայն, խմելու համար պիտանի չէ և օգտագործվում է բացառապես կենցաղային նպատակներով:










