Դոնեցկի օդանավակայանի մոտ մարտերը վերսկսվել են
Դոնեցկում օդանավակայանի համար մարտերն այսօր առավոտյան վերսկսվել են, տեղեկացնում է korrespondent.net-ը՝ Դոնեցկի քաղխորհրդի մամուլի ծառայությանը հղումով:
«Առավոտյան 9:00-ի դրությամբ շատ շրջաններում օդանավակայանի կողմից լսվում են ծանր տեխնիկայի կիրառման ձայներ»,- ասել են մամուլի ծառայությունից՝ նշելով, որ Դոնեցկում գիշերը համեմատաբար հանդարտ է եղել:
Քաղաքի կոմունալ ծառայություններն աշխատում են: Առավոտյան որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի խափանում է տեղի ունեցել, և մասնագետներն այժմ փորձում են վերականգնել այն:
Գերատեսչությունից նաև նշել են, որ աշխատանքի են դուրս եկել 85 տրամվայ, 112 տրոլեյբուս, 78 ավտոբուս, ինչպես նաև 652 երթուղային:
«Պայմանավորված այն հանգամանքով, որ Դոնեցկի օդանավակայանի շրջանը վտանգավոր է, փոփոխվել են որոշ երթուղիների ուղեգծերը»,-ասված է Դոնեցկի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում կործանվել էր մալայզիական օդանավը, որում գտնվող 298 մարդիկ զոհվել են։ ԱՄՆ-ն կոչ էր արել դադարեցնել մարտերը շրջանում՝ հետաքննության համար։










