Վրաստանի վարչապետը բացառել է արտահերթ ընտրությունների անցկացումը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով արտահերթ ճեպազրույցի ընթացքում, բացառել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Ճեպազրույցի ընթացքում Ղարիբաշվիլին խոսել է Վրաստանի կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունների՝ 6 նախարարի և 1 պետնախարարի հրաժարականի մասին: Ընդ որում՝ նրանցից միայն երկուսն են մնալու կառավարության կազմում՝ գլխավորելով այլ գերատեսչություն:
«Բացառված է: Վրաստանում մինչև 2016թ.-ը խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվելու»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:
2012թ.-ի հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքներով՝ Վրաստանում իշխանության է եկել «Վրացական երազանք» կոալիցիան, իսկ «Վարդերի հեղափոխության» արդյունքում իշխանության եկած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն ընդդիմություն է դարձել:










