Շաքարախտով հիվանդ ամերիկուհին «Միսս Այդահո» տիտղոսն է նվաճել՝ ինսուլինի պոմպով բեմ բարձրանալու շնորհիվ (լուսանկարներ)
ԱՄՆ-ի 20-ամյա բնակչուհի Սիերա Սանդիսոնը, ով հիվանդ է շաքարախտով, «Միսս Այդահո» մրցույթում ամենագեղեցիկի կոչմանն է արժանացել. նա լողազգեստով համարի ժամանակ բավականաչափ համարձակություն է ունեցել բեմ բարձրանալ կողքից կցված ինսուլինի պոմպով։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, աղջիկն առանց կաշկանդվելու օրգանիզմում ինսուլինի քանակը կարգավորող պոմպն ամրացրել է լողազգեստին ու այդպես անցել ժյուրիի ու հանդիսատեսի առջևով։ Նրա համարձակությունն անչափ տպավորել է ներկաներին, ինչի շնորհիվ Սանդիսոնը գերազանցել է մյուս 19 մասնակցին ու ճանաչվել «Միսս Այդահո»։

Հաղթանակից հետո իր տպավորություններով կիսվելու ժամանակ ամերիկուհին ասել է, որ «այն, որ ինքն առողջական խնդիրներ ունի ու կրում է ինսուլինի պոմպ, իրեն ընդհանրապես չի տգեղացնում»։

«Հույս ունեմ, որ իմ արարքը կոգեշնչի շաքարախտով հիվանդ հազարավոր մարդկանց, ովքեր իրենց տգեղ կամ անինքնավստահ են համարում հիվանդության պատճառով»,-ասել է նա։
Այժմ Սանդիսոնը պատրաստվում է մրցել «Միսս ԱՄՆ» կոչման համար։











