Հայաստանեն ավելի շատ ձայների պետք ունինք. Լևոն Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյան
Հայտնի գործարար, փողերի լվացման մեղադրանքով Մոսկվայում կալանավորված Լևոն Հայրապետյանի վստահված անձ և ընկեր Մացակ Փոլադյանը մի քիչ դժգոհ է հայաստանյան քաղաքական, մտավորականների և այլ շրջանակներից եկող արձագանքից:
«Անձամբ շատ ժխտական բան եմ տեսնում, ահավոր է, մենք խնդրեցինք, ասացինք, որ գոնե արվեստի բնագավառի, մշակույթի, քաղաքական ձայներ լինեն … ոչ մի ձայն չենք լսում, բացառությամբ Կոմանդոսից»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Նիսում գտնվող Մացակ Փոլադյանը ՝ Լևոն Հայրապետյանի վստահված անձը:
Նշենք, որ հուլիսի 31-ին՝ ժամը 17:00-22:00-ը, Երևանի կենտրոնական փողոցներում կանցկացվի «Ազատություն ազգային մեծ բարերարին. համայն հայությունը պահանջում է Լևոն Հայրապետյանի ազատությունը» կարգախոսով երթը:
Մացակ Փոլադյանը դժգոհ է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից, որ «եթե մարդը օրենք է խախտել, ապա ինքն ի՞նչ կարող է ասել», ու մեջբերեց Լևոն Հայրապետյանի մամլո ծառայության հաղորդագրությունը, ուր ասված է.«...Ինչ վերաբերում է որոշ քաղաքական գործիչների այս օրերին հնչեցրած անպատասխանատու հայտարարություններին, ապա վստահ ենք, որ Լևոն Հայրապետյանը առաջիկայում անձամբ կպատասխանի այդ խոսակցություններին»:
Լևոն Հայրապետյանի մտերիմները որոշակի արձագանք են ակնկալում նաև 2-րդ նախագահի գրասենյակից ու անձամբ Ռոբերտ Քոչարյանից, քանի որ Մացակ Փոլադյանը հիշեցրեց. «2-րդ նախագահը իր մոտիկ ընկերն է վերջապես, տարիներո՛վ»:
Ինչ վերաբերվում է Արցախից հնչող ոչ պաշտոնական և պաշտոնական արձագանքներին, ապա այս շրջանակներից որոշակի գոհունակություն կա: «Արցախի իշխանության դիրքորոշումը մի բանով ինձ շատ դուր եկավ, որ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարն էր կարծեմ, ելույթ ունեցավ ու արձագանքեց»,- ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ևս Լևոն Հայրապետյանի ձերբակալության վերաբերյալ բավականին կոշտ հայտարարություններ էր արել:
Հիշեցնենք նաև, որ Մացակ Փոլադյանը հայտնել էր, որ կախված նրանից, թե ինչպես են դասավորվելու հանգամանքները, պատրաստվում է թռնել Մոսկվա՝ պաշտպանելու Լևոն Հայրապետյանի շահերը:
Սակայն այսօր նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Լևոն Հայրապետյանի ընկերները իրեն խորհուրդ են տալիս որպես վստահված անձ չգալ՝ ավելորդ քաշքշուկների մեջ չընկնելու համար, ասելով. «Չգաս ավելի լավ է»:
Լևոն Հայրապետյանի վստահված անձը հայտնեց, որ այսօր օրվա երկրորդ կեսից հետո հնարավոր է՝ որոշ զարգացումներ տեղի ունենան, որոնց մասին կհայտնեն լրատվամիջոցներին:
«Մենք աշխատում ենք այս մի քանի օրերի ընթացքում Լևոն Գուրգենիչին տեղափոխեն հիվանդանոց՝ բանտի միջի հիվանդանոց: Եվ նպատակն այն է, որ իր առողջությունը վատթարացած է, ամեն ինչ անում ենք, որ դիմենք դատարանին, որ կոմիսիա ձևավորվի, հետազոտեն Լևոն Գուրգենիչին և տեղափոխեն հիվանդանոց: Եվ սա մեր գլխավոր նպատակներից մեկն է, որովհետև այս վայրկյանին ամենակարևորն իր առողջությունն է »:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը տառապում է շաքարային դիաբետով, քաղցկեղով, անցել է քիմիաթերապիայի կուրսեր, ենթարկվել վիրահատությունների Լոս Անջելեսում, իսկ Ֆրանսիայում՝ Նիսում և Փարիզում, որտեղ միասին են եղել Մացակ Փոլադյանն ու Լևոն Հայրապետյանը, վերջինս մի քանի անգամ վատացել է և դիմել բժշկական օգնության:










