Հոլանդացի փորձագետները ժամանել են Դոնեցկ՝ ավիավթարի հետաքննության համար
Նիդեռլանդներից փորձագետների խումբը ժամանել է Դոնեցկ՝ մալայզիական Boeing-ի վթարի պատճառները հետաքննելու համար: Այդ մասին ria.ru-ին հայտնել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մասնագետները նախևառաջ մեկնել են Տորեզ, որտեղ կզննեն մահացածների մարմիններով գնացքները, իսկ այնուհետ կուղղվեն Գրաբովո գյուղի շրջակայքում օդանավի ընկնելու վայր:
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինա փորձագետներ ուղարկելու մասին՝ հուլիսի 17-ին տեղի ունեցած ավիավթարի ժամանակ Նիդեռլանդների քաղաքացիների մարմինները ճանաչելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիև է ժամանել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) փորձագետների խումբը: The Wall Street Journal թերթի տեղեկություններով՝ նրանք անցել են բանակցությունների, որոնց արդյունքներով մասնագետներին պետք է փոխանցվեն «սև արկղերը»:










