Ռուսաստանը դադարեցրել է Մոլդովայից բանջարեղենային պահածոների ներմուծումը

10:18 • 21.07.14

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» ծառայությունը դադարեցրել է բանջարեղենային պահածոների ներմուծումը մոլդովական չորս ձեռնարկություններից, հայտնում է Russia Today-ը:

 

Կազմակերպության կայքում նշված է, որ արտադրանքի ներմուծումը դադարեցված է հուլիսի 18-ից, քանի որ պիտակների վրա նշված զուտ քաշը չի համապատասխանում իրականին:

Արգելված է, մասնավորապես, Sorvest-Agro, Alfa-Nistru, Natur Bravo և Coval&Co. ընկերությունների արտադրանքի ներմուծումը:


Ռուսաստանը նախատեսում է չեղարկել հարկման հատուկ համակարգը Մոլդովայից ներկրվող մսի, գինու, բանջարեղենի, մրգերի, հացահատկի համար:

 

Մոսկվան նախազգուշացրել էր, որ Քիշնևի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո կարող է որոշակի քայլեր ձեռնարկել: