Մենք այլևս չենք կարող ուշադրություն չդարձնել կատարվող իրադարձություններին. Ռադոսլավ Սիկորսկի

13:40 • 21.07.14

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում Եվրոպայից պահանջել է ավելի խիստ դիրքորոշում զբաղեցնել Ռուսաստանի նկատմամբ, գրում է inopressa.ru-ն:

 

«Բոլորովին վերջերս ես զգուշացնում էի եվրոպական պետությունների ղեկավարներին, որ Ուկրաինայի արևելքում ռուսամետ ապստամբներն ունեն «երկիր-օդ» դասի ժամանակակից հրթիռներ: Իհարկե, առաջին հերթին անհրաժեշտ է հետաքննել մալայզիական օդանավի ողբերգության հանգամանքները, բայց այժմ արդեն բոլորովին ակնհայտ է դառնում այն փաստը, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակի լարվածությունը չի նվազում, այլ հակառակը՝ սրվում է։ Այդ պատճառով մենք պետք է եզրակացություններ անենք, այդ թվում՝ նրանց վերաբերյալ, ովքեր աջակցում են անջատողականներին»,- նշել է Սիկորսկին:

 

Լեհ նախարարի խոսքով՝ այն բանից հետո, երբ Ուկրաինան առաջին հաղթանակները տարավ անջատողականների նկատմամբ, Ռուսաստանն անմիջապես սրեց իրավիճակը՝ սկսելով անջատողականներին ավելի մեծ քանակությամբ սպառազինություն տրամադրել, իսկ ռուս-ուկրաինական սահմանին վերահսկողությունը փոխանցելու առաջարկին ի պատասխան՝ սահմանով շարունակվել է ռազմական տեխնիկայի տեղափոխումը։

 

«Մենք այլևս չենք կարող ուշադրություն չդարձնել այն դեպքում, երբ որոշ երկրներ այլ երկրներում ազգային փոքրամասնություններին պաշտպանելու առիթով ուժային ճանապարհով փոխում են իրենց սահմանները»,- հայտարարել է Լեհաստանի արտգործնախարարը։